ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ կողմից կազմակերպված «Armenia!» ցուցահանդեսի մասնավոր ցուցադրություն

26 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ՄԱԿ անդամ երկրների պատվիրակությունների և ՄԱԿ քարտուղարության պաշտոնյաների համար կազմակերպեց միջնադարյան հայկական արվեստին նվիրված «Armenia!» ցուցահանդեսի մասնավոր ցուցադրությունը և ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին ավելի քան հարյուր հյուրեր՝ ՄԱԿ-ի ավելի քան 70 անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ և ՄՆ տեղակալներ, ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյաներ և ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցած հայ համայնքի ներկայացուցիչներ։

Մետրոպոլիտեն թանգարանի «Patrons Lounge» սրահում կայացած ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ ծանոթանալով միջնադարյան հայկական արվեստին և մշակութային հարուստ ժառանգությանը՝ ՄԱԿ-ի հանրությունը հաղորդակից է դառնում նաև համաշխարհային բազմամշակութային արժեքներին։

Միջոցառման ընթացքում հյուրերը ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսի ուղեկցությամբ շրջեցին «Armenia!» ցուցահանդեսի դահլիճում, որտեղ Մետրոպոլիտեն թանգարանի աշխատակիցները ներկաներին մանրամասն ներկայացրին հայկական ցուցանմուշների պատմությունը։

Տեղեկանք․ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում “Armenia!” ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 22-ին և տևելու է մինչև 2019-ի հունվարի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է 4-17-րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը՝ ցուցադրելով հիմնականում Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսարանից, Երուսաղեմի Պատրիարքարանից և Գալուստ Գյուլբենկյան թանգարանից բերված 140 նմուշ:

Տպել էջը